ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

       "ՃԱՌԱԳՈՂ ԳՈՒՆԱՄԵՂԵԴԻ", "Հայաստանի Հանրապետություն", 2001թ.


       Կտավին տարածվող գույնը ներսից մեղմորեն լույս է ճառագում, և դու,

նկարի առջև կանգնած, մոռանում ես արվեստի ուղղվածության մասին

խորհրդածություններդ: Հոգու խորքից պոկված մի ծվեն եկել առջևդ նուռ է

դարձել, երազային հեռու հեքիաթներից դեղինով վանք է շաղախվել, մոռացված,

թաքուն պահված մի կանաչ իր հետ խոհի շղարշ է բերել, և պատկերն ինքն իրեն

կոչել է` "Եկեղեցի նռներով": Տպավորապաշտություն:

Իսկ գուցե խորհրդապաշտություն:

       Հաջորդը հոգեպարար մեղեդի է` քարի ձայնեղ լռությունը ջութակի թավիշով

հնչեցնող խոհականություն, որ գծագրությամբ դարձյալ եկեղեցի է: Անհավակնոտ,

ոչ բարձրուղեշ, ոչ շքեղազարդ մի վանք, քո հավատի տունը, որ ներքին ապրումի

ուռճացում ու ճառագող զորություն է, ափիդ մեջ բացվող գաղտնիք, հայեցի

ոճ ու նկարագիր` նկարչի աչքով տեսանվող նկարագիր: Ինքդ քեզ ճանաչում էիր:

       Հետո շարքում կախված մի հրդեհող "Մայրամուտ" է, խոշորացույցի

կիզակետում մանրամասներով մեծացված "Սուրբ Հռիփսիմե", իրենց իսկ զգլխիչ

բույրից շշմած դաշտային թեթև "Ծաղիկներ" ու միմյանց մեջ շերտ առ շերտ բացվող,

մեկը մյուսին դրվագ առ դրվագ բացահայտող "Երկիր Հայաստան" յոթանկար:

       Այժմ արդեն Նկարիչների Միության անդամ, 25-ամյա գեղանկարիչ

Սևադա Սարգսյանն այսպես է տեսնում, այսպես է զգում իր Երկիր Հայաստանը:

Այսպիսին է ճանաչում իրեն սնուցող հողը, և ճանաչման բացահայտումը դառնում է

հրճվալից հայտնություն: Հրճվանքի գույնը դուրս է ճառագում շրջանակից:

Հրճվանքի գույնը փշոտ մեծ կակտուսի վրա դառնում է նռնակերպ ծաղիկ:

Դանթեի "Դրախտի" համար հայտնագործում է մի ոսկե բանալի, գտնում է

անմահության խորհրդանիշ Խոյի եղջյուրի արիական նշանը և Ձուկ

աստղակերպի մեծ լռության գաղտնիքը: Տեսլապաշտություն:

       Դժվար բնութագրելի, դժվար անվանակոչվող նկարչություն է, որ սակայն

բացատրության կարիք այնքան էլ չի զգում: Խորհրդանշաններն իրենք իրենց

մասին արդեն իսկ շատ բան են ասում, և արտաքին "հանդերձանքը" դիտողի

հայացքը կամաց-կամաց ուղղորդում է դեպի ներս: Այսպես սկսվում է կտավի

հետ երկխոսությունը: Այսպես Հայրենիքը գալիս տեղավորվում է սրտի

զարկերի մեջ: Հայրենապաշտություն:

       - Նկարչական հայացքներիս ձևավորման և կերպարընկալման համար

մեծապես պարտական եմ գեղանկարիչ Ավետիք Հակոբյանին` իմ առաջին

ուսուցչին, սակայն առանց ընտանեկան ավանդույթի երևի այն չէի լինի,

ինչի որ հասել եմ,- ասում է արդեն 4 անհատական ցուցահանդեսների հեղինակ

և մի շարք ցուցահանդես-մրցույթների հաղթող երիտասարդ նկարիչը:

Նախնիներիցս ժառանգած գենն էր, որ միանգամից զարթնեց և

10-րդ դասարանում ինձ ստիպեց փորձել նկարչության բոլոր տեխնիկաները:

Մինչ այդ երազում էի ռազմական գործիչ դառնալ: 

       Մինչ այդ, մինչև 16 տարեկան, Սևադա Սարգսյանն իսկապես ձեռքը վրձնին

չի երկարել, սակայն դեպի վրձինը ձգվելուց հետո` ընդամենը մեկ տարվա

ընթացքում, 33 աշխատանքներով բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը:

Հետո մանկավարժականում ուսանելու տարներին, նկարչության պատմության մեջ

իր ակունքները որոնելիս, հայացքը կանգ է առել Պիկասոյի, Վան Գոգի վրա, 

հոգեհարազատության թրթիռները սաստկացել են Սարյան ուսումնասիրելիս,

իսկ ամենահարազատը թվացել է Մինաս Ավետիսյանը:

       Երևի այս հոգեհարազատության ակնհայտ առկայությունն է ժողովրդական

նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին ստիպել գրելու հետևյայալ տողերը. "Սևադա

Սարգսյանի գեղանկարչությունը բավականին ինքնատիպ է իր գունագեղությամբ

և ազգային ավանդույթներին իր մոտիկությամբ":

       Սակայն գունագեղությամբ հանդերձ` նկարներն ուշադրություն են գրավում

հատկապես հորինվածքային բարձր մակարդակով ու հոգեբանական խորությամբ,

որ ժամանակին չի վրիպել նաև Վազգեն Սարգսյանի աչքից: Բազմաթիվ

հեղինակների համատեղ ցուցահանդեսում ընտրելով նրա աշխատանքները`

սպարապետը տեղեկացել է, որ հեղինակն ամենաերիտասարդ մասնակիցն է

և գտնվում է զինծառայության մեջ, ու որպես պարգևատրում` երկշաբաթյա

արձակուրդ է շնորհել նրան:

       Իսկ մտածական բարդ լուծումները, առհասարակ, բանական վերլուծական

մտքի արդյունք են, որով այսօրվա նկարչությունը դուրս է գալիս միայն ճիշտ

վերարտադրելու և գեղեցիկ ներկայացնելու չափանիշներից` գրավելով

ժամանակը նաև գույնով կանխատեսելու նորանոր հորիզոններ:









Создать бесплатный сайт с uCoz